top-desk-1400-438.jpg

Audi-ն այժմ կառավարում է էլեկտրականությունը. Audi e-tron-ի համաշխարհային պրեմիերան

Audi e-tron-ը, որի համաշխարհային պրեմիերան կայացավ Սան Ֆրանցիսկոյում, ապրանքանիշի առաջին սերիական էլեկտրամոբիլն է: Լիաչափ սպորտային քրոսովերը չափազանց հարմար է ամենօրյա ուղևորությունների համար:

Audi e-tron-ը թե՛ անշարժ վիճակում, թե՛ շարժման մեջ մշտապես ապշեցնում է երևակայությունը: Արտահայտիչ դիզայնը, բեռնախցի կափարիչի էլեկտրաշարժաբերը և բաց մոխրագույն երանգ ունեցող Singleframe հովացուցիչի պաշտպանիչ ցանցը խորհրդանշում են բարձրավոլտ տեխնոլոգիայի պարգևած առանձնահատուկ զգացողությունները, որոնք առաջանում են վարելու ժամանակ: Էլեկտրական քրոսովերը համալրված է բարձր արտադրողականությամբ երկու էլեկտրաշարժիչներով, որոնց շնորհիվ էլեկտրամոբիլը տեղաշարժվում է գործնականորեն անձայն՝ ունենալով CO₂-ի արտանետումների զրոյական մակարդակ: Նոր սերնդի quattro լիաքարշակ էլեկտրական համակարգն ապահովում է գերազանց քարշուժ և դինամիկա: Շարժաբերի ղեկավարման համակարգն անընդհատ հետևում է շարժման պարամետրերին և ունակ է վայրկենապես փոխելու կարգավորումները՝ ապահովելով պտտող մոմենտի կատարյալ բաշխում առանցքների միջև: Սպորտային բնույթով և ակնառու դինամիկայով աչքի ընկնող էլեկտրամոբիլի կարևոր առանձնահատկությունը ցածր ծանրության կենտրոնն ու կուտակիչ մարտկոցների օպտիմալ դիրքն է: Նոր էլեկտրամոբիլի մարտկոցներն ապահովում են ընթացքի բավարար պաշար՝ հեռավոր ուղևորությունների համար: Բացի այդ, բոլոր արգելակումների 90% -ը Audi e-tron-ն օգտագործում է էներգիայի վերականգնման համար: Էլեկտրական քրոսովերն արգելակման էներգիայի վերականգնման առավելագույն ներուժն օգտագործում է էլեկտրահիդրավլիկ արգելակների կառավարման ամբողջացված համակարգի հետ համատեղ: Audi-ն սերիական արտադրության էլեկտրամոբիլում նման համակարգ օգտագործող՝ աշխարհում առաջին ավտոարտադրողն է: Ավտոմեքենայի էներգաարդյունավետության մեջ իր ծանրակշիռ ավանդն ունի մանրակրկիտ կերպով մշակված աէրոդինամիկան: Հայեցակարգի տպավորիչ առանձնահատկություններից են աշխարհում առաջին անգամ սերիական մոդելների համար առաջարկվող հետնամասի ընտրովի վիրտուալ արտաքին հայելիները: Այսպիսի լուծումը ոչ միայն նպաստում է աէրոդինամիկ դիմադրության նվազեցմանը, այլև բոլորովին նոր մակարդակի վրա է բարձրացնում թվային տեխնոլոգիաների օգտագործումը ավտոմեքենայում: Ընդարձակության և հարմարավետության մակարդակով Audi e-tron-ը չի զիջում ապրանքանիշի ավանդական լիաչափ մոդելներին, իսկ բարձրորակ նյութերը և մանրուքների հանդեպ ցուցաբերած առանձնահատուկ ուշադրությունը էլեկտրամոբիլը դուրս են բերում պրեմիում դասի մակարդակի: Դրան նպաստում են նաև ավտոմեքենայի լիցքավորման բազմաթիվ խելացի լուծումները ինչպես տանը, այնպես էլ՝ ճանապարհին: Audi e-tron-ն աչքի է ընկնում միացման չափազանց լայն հնարավորություններով՝ սկսած e-tron route planner պլանավորողի կիրառումով նավիգացիայից, որը պատկերում է ամենահարմար երթուղին՝ հաշվի առնելով անհրաժեշտ այցելությունները լիցքավորման կայաններ, մինչև լիցքավորման կայանում միջոցների ավտոմատ դուրս գրման և ավտոմեքենայի հեռակառավարման համակարգի գործառույթը սմարթֆոնի օգնությամբ: Նոր քրոսովերը համալրվում է MMI navigation plus տեղեկատվական-ժամանցային համակարգով, որի ստանդարտ լրակազմի մեջ մտնում են LTE Advanced-ի հնարավորությունը և Wi-Fi հասանելիությունը: Բացի այդ, վարորդի տրամադրության տակ են բազմաթիվ օգնական համակարգեր: Օրինակ, ստանդարտ լրակազմի մեջ մտնող արդյունավետության օգնականն առաջարկում է խնայողական վարման ոճ՝ էկրանի վրա պատկերելով տվյալները և ակտիվացնելով ավտոմատ վերականգնումը: Որպես ընտրանք հասանելի ադապտիվ օգնականը կարող է նախապես դանդաղեցնել և արագացնել ավտոմեքենայի ընթացքը՝ հաշվի առնելով տվյալները ճանապարհային իրավիճակի մասին: Audi e-tron-ի արտադրությունը սկսվել է Բրյուսելի՝ CO₂-ի արտանետումների զրոյական մակարդակ ունեցող գործարանում: Քրոսովերի առաջին մատակարարումները եվրոպական պատվիրատուներին նախատեսվում է իրականացնել 2018 թվականի վերջին:

Տեսադարան

Լուսանկարներ