A179370_1400x840.jpg

Audi-ի մրցարշավորդ Լուկաս դի Գրասսին դարձավ «Ֆորմուլա E»-ի չեմպիոն

Audi-ի մրցարշավորդ Լուկաս դի Գրասսին (Lucas di Grassi) դարձավ «Ֆորմուլա E» էլեկտրամոբիլների համաշխարհային մրցարշավային սերիայի նոր չեմպիոնը: Անցյալ շաբաթ օրը կանադական Մոնրեալում անցած եզրափակիչ երկու մրցարշավներից առաջինում ABT Schaeffler Audi Sport թիմի բրազիլացի մրցարշավորդը առաջատարն էր ամբողջ մրցելույթի ընթացքում և վստահորեն հաղթանակ տանելով մրցարշավում՝ գրավեց առաջին տեղը առաջնությունում: Կիրակնօրյա երկրորդ մրցարշավին դի Գրասսին վերջնագիծը հատեց յոթերորդը:

Կանադական փուլից առաջ դի Գրասսին 10 միավորով ետ էր մնում Renault-ի մրցարշավորդ Սեբաստյան Բուեմիից (Sébastian Buemi): Շվեյցարացին այնքան էլ վստահ չէր զգում իրեն ազատ մրցելույթների ժամանակ տեղի ունեցած վթարից հետո: Հակառակ դրան Audi-ի բրազիլացի ավտոարշավորդը թույլ չտվեց ոչ մի սխալ և շահեկան դիրքի ու մրցավազքի ողջ ընթացքում հաստատուն առաջատար լինելու շնորհիվ կարողացավ ոչ միայն հաղթահարել ետ մնալը, այլև՝ այն վերածել 18 միավորանոց առավելության:

Կիրակի օրը դի Գրասսին և նրա թիմակից Դանիել Աբտը (Daniel Abt) գրավեցին մեկնարկային վանդակաշարի երրորդ շարքը, ընդ որում Բուեմին մեկնարկեց ընդամենը տասնչորսերորդ տեղից: Մեկնարկի ժամանակ առաջացած խառնաշփոթը դի Գրասսիին և Աբտին ստիպեց որոշ ժամանակով ետ ընկնել՝ հայտնվելով իններորդ և տասներորդ դիրքերում, սակայն, ռացիոնալ օգտագործելով էներգիան, պիլոտները կարողացան առաջ անցնել և վերջնագիծը հատել վեցերորդ և յոթերորդ տեղերում: Դրա շնորհիվ ABT Schaeffler Audi Sport թիմին հաջողվեց առաջնության արդյունքների համաձայն գրավել երկրորդ տեղը թիմային հաշվարկում:

«Այսօր լավագույն օրն է իմ կարիերայում,- ուրախությունը չթաքցրեց «Ֆորմուլա E» -ի նոր չեմպիոնը: Հենց սկզբից ես հավատացել եմ «Ֆորմուլա E» -ին, որովհետև աշխարհը փոխվում է, իսկ դրա հետ միասին փոխվում է նաև ավտոսպորտը: Երեք տարի առաջ Պեկինում մենք հաղթեցինք «Ֆորմուլա E»-ի առաջին մրցարշավում և ահա, վերջապես դարձանք չեմպիոն: ABT Sportsline-ը, Schaeffler-ը և Audi Sport-ը հրաշալի աշխատանք կատարեցին, հատկապես՝ նյու-յորքյան փուլից հետո, որտեղ մենք այնքան էլ հաջող հանդես չեկանք: Մոնրեալի մրցուղին «Ֆորմուլա E» -ի լավագույն տրեկն է իմ բոլոր տեսածներից, և հենց ամենասկզբից մենք կարողացանք պահել լավ տեմպը:»

Լուկաս դի Գրասսին դարձավ աշխարհում էլեկտրամոբիլների առաջին մրցաշարի երրորդ չեմպիոնը՝ գրավելով երրորդ տեղը «Ֆորմուլա E» -ի պատմության ընթացքում տեղի ունեցած առաջին առաջնության արդյունքներով, իսկ անցյալ տարի՝ երկրորդ տեղը: Ներկայումս բրազիլացին «Ֆորմուլա E» -ի ամենից հաջողակ պիլոտներից մեկն է. 33 մրցավազքերում նա ունեցել է 6 հաղթանակ և 20 շահեկան դիրք: 2016/2017թթ. մրցաշրջաններում դի Գրասսին մասնակցել է քսան մրցարշավի և հաղթել դրանցից երկուսում, ինչպես նաև երեք անգամ նվաճել է շահեկան դիրքից մեկնարկելու հնարավորություն, յոթ անգամ բարձրացել է պատվո պատվանդանին և միայն փարիզյան փուլի ընթացքում չկարողացավ միավորներ հավաքել: Արդյունքում միավորների կայունությունը նրա համար որոշիչ գործոն դարձավ տիտղոսի համար մղվող եզրափակիչ մրցավազքում: Սակայն պակաս կարևոր չէին բրազիլացու կամային հաղթանակը Հոնկոնգում՝ մրցաշրջանի առաջին փուլում, ինչպես նաև բարդ պայքարում տարած հաղթանակը՝ մեքսիկական փուլի արդյունքների հիման վրա:

«Իմ կարծիքով Լուկաս դի Գրասսին այսօրվա դրությամբ «Ֆորմուլա E» -ի լավագույն պիլոտն է,- ասում է Audi Motorsport-ի ղեկավար Դիտեր Գասսը (Dieter Gass): - Մոնրեալի շաբաթ օրվա մրցավազքում նա անհավանական ելույթ ունեցավ: Նյու-յորքյան փուլից հետո թերևս քչերն էին սպասում, որ նա կկարողանա արմատապես փոխել իրավիճակը եզրափակիչ մրցավազքում, սակայն Լուկասը ոչ մի վայրկյան չթուլացրեց լարումը և ամբողջ թիմին տրամադրեց առավելագույն պայքարի: Հանս-Յուրգեն Աբտի (Hans-Jürgen Abt) և Թոմաս Բիրմայերի (Thomas Biermaier) բոլոր գործընկերները ապշեցուցիչ աշխատանք կատարեցին, ընդ որում այս մրցաշրջանում փոքր-ինչ ավելի թույլ հանդես եկող Դանիել Աբտը նույնպես գերազանց արդյունքներ ցույց տվեց Մոնրեալում: Մենք դարձանք սքանչելի եզրափակչի վկաներ, և ընդհանուր առմամբ սա հաջող շաբաթ եղավ «Ֆորմուլա E» -ի համար: Այն փաստը, որ BMW-ն, Mercedes-Benz-ը և Porsche-ը մտադիր են միանալ մեզ այս առաջադիմական մրցումներին, ընդգծում է էլեկտրամոբիլների օրըստօրե աճող կարևորությունը ավտոտրանսպորտի ոլորտում: Ես անհամբերությամբ եմ սպասում «Ֆորմուլա E» -ի՝ Հոնկոնգում կայանալիք նոր մրցաշրջանի մեկնարկին, որը տեղի կունենա դեկտեմբերին և Audi աջակցության շնորհիվ հնարավորություն կտա մեզ՝ նոր էջ բացելու բրենդի ավտոմրցաշարային պատմության մեջ: Բացի այդ գործընկերությունը ABT-ի և Schaeffler-ի հետ թույլ է տալիս մեզ պահպանել ուժեղ դիրքերը ավելի ու ավելի լարվող մրցակցության պայմաններում:»

Լուկաս դի Գրասսին ծնվել է 1984 թվականի օգոստոսի 11-ին Սան Պաուլոյում և ներկայումս ապրում է Մոնակոյում իր կնոջ՝ Բիանկայի հետ: 2005 թվականին բրազիլացին հաղթեց Մոնակոյի հեղինակավոր «Ֆորմուլա -3» մրցարշավում, նաև մասնակցեց «Ֆորմուլա -1»-ին՝ որպես փորձարկող և մրցարշավող պիլոտ: 2012 թվականին դի Գրասսին միացավ Audi-ին՝ Դիմացկունության մրցարշավի աշխարհի առաջնության (WEC) ժամանակ և երեք անգամ բարձրացավ «Լը- Մանի 24 ժամը» մրցարշավի պատվո հարթակին: Սկսած Audi-ի հետ իր համագործակցության ամենասկզբից դի Գրասսին օգնում է «Ֆորմուլա E» -ի առաջընթացին՝ որպես փորձարկող պիլոտ, և ահա, վերջապես, նա դարձավ մրցաշարի նոր չեմպիոնը:

Տեսադարան

Լուսանկարներ